«Հայոց ազգի օրեր». Բարեկենդան 2020

img_0337

Բուն Բարեկենդան, փետրվարի 23, 2020թ.

Ծանոթագրություններ

  1. Հրանուշ Խառատյանի  Հայ ժողովրդական տոներ գրիք, վիկիպեդիա, քահանա կայքեր
  2. Մարինե Մկրտչյանի՝ Բարեկենդանը կրթահամալիրում  , Նունե Մովսիսյանի «Կակաչ» բլոգէջեր
  3. Ծեսի մեթոդական նկարագիրը՝ նախորդ տարիների տեսանյութերով այստեղ
  4. Բարեկենդան․ Ծիսական խաղերԱզգային խաղեր, Երաժշտական խաղեր՝ Հասմիկ Մաթևոսյանի ներկայացմամբ

Կրթահամալիրի բարեկենդանյան ներկայացումներ ըստ դպրոցների՝ փետրվարի 24-28

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ազգի կողմից այն ընկալվում էր որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Այդ օրերին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

Բարեկենդանի խաղեր

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմը: Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էին կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` թե ով ավելի մեծ կորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը մի քար էին դնում և, փոխանակ ճոճելու՝ պտտեցնում էին, թոկը ոլորում, որը հետո բաց թողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգից վայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց հետո, քարը նորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ՝ բոլոր հարսների համար, որպեսզի շատ յուղ ունենային: Տարոնում բարեկենդանյան խաղերից վերջինը «կշռեցուկ»-ն էր: Առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ նստելով` կշռվում էին ընկերներն ու ընկերուհիները` մյուս տարվա Բարեկենդանին իմանալու, թե «իրենց կյանքից անցնող տարին, որը պատված էր հոգսերով, որքա՞ն էր հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել իրենց անձը»: Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին (առհասարակ, դեռ հնագույն ժամանակներում, տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին): Առավել հայտնի խաղերից են «Բեկ ու գզիր», «Պարոն գզիր», «Գող և փաշա», «Խնամախոս», «Փաշա», «Քյոխվա», «Շահ-շահ», «Խան», «Ղադի»(դատավոր), «Նոզայ» և այլն:

Բարեկենդանի խոհանոցը

Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Այդ օրվա խնջույքը շատ տեղերում ջնջում էր բոլոր տարբերությունները. «Իրար հետ սեղան էին նստած ծերունի սկեսրարը ու մանկամարդ հարսը, տղամարդ, կնիկմարդ, բոլորը միասին վայելում էին գաթա, հալվա, լոխում, հավկիթ, հասութա, սեր, կարագ, մատակի մածուն, նոր ծնած կովի դալ, հավ, սագ, գառ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի…

Բարեկենդանի խաղերգեր, պարերգեր

Գնացեք, տեսեք

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել այծը.-
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,Այծն ու գայլը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել գայլը.-
Գնացին տեսան` արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել արջը.-
Գնացին տեսան` թուրն է կերել արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ` Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուրը.-
Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել ժանգը.-
Գնացին տեսան` հողն է կերել ժանգը:
Հողն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ`Բարեկենդան,
Մեզ` բարի Զատիկ:

 

Էն դիզան

Էն դիզան, բետ – բետ դիզան, տեսեք էն ո՞րն է:
Էն դիզան, բետ – բետ դիզան` գեղի ռեսներն են:

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է:
Ճնճղներ ճըլվըլալեն` էն տիրացուքն են:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է:
Էն արև, երկնուց արև` էն թագավորն է:

Էն լուսին ամպերու մեջ, տեսեք էն ո՞րն է:
Էն լուսին ամպերու մեջ` էն թագուհին է:

Ցախավել իդև դռան, տեսեք էն ո՞րն է:
Ցախավել իդև դռան` էն մըշակներն են:

Շունն էկավ պարկն ի բերան, տեսեք էն ո՞րն է:
Շունն էկավ պարկն ի բերան` գեղի գզիրն է:

Մուկն էկավ ալրաթաթախ, տեսեք էն ո՞րն է:
Մուկն էկավ ալրաթաթախ, էն ջաղացպանն է:

Այլի հո՜

……………………………….

Խնոցի

…………….

Ջաղաց

……………..

Եկեք ծեծենք

………………

Հեփ-հոփ

Շարունակելի…………..

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: