ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ․․․․ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՈՒՐԲԱԹ-ՀԱՄԵՐԳ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2023Թ․

Փետրվարի 24, Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 15.15-16.00

Ուսումնական հաստատություններ

Իրականացումը՝  Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան շուրջտարյա նախագծերով

Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ դասարաններ, երկարօրյա խմբեր, դասավանդողների երգեցիկ խմբեր……

Բովանդակությունը՝ Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը
Իրականացումը՝ արձակի բերանացի ընթերցմամբ

Էջի լուսանկարը՝ Մարիետ Սիմոնյանի․ Օձունի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Պատասխանատուներ.
կրթահամալիրի երաժիշտ-երգուսույց-պարուսույցներ
դասվարներ

Ծրագրում՝

Միասնական երգ․ Աղվեսն եկավ․ երգապետ՝ Մարինե Մկրտչյան

Աղվես էկավ լանջիկ-մանջիկ,
Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:
Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,
Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,
Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,
Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

Աղվես գնաց մըտավ ջաղաց,
Թաթեր վերուց, մի բոլ խաղաց:
Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,
Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,
Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,
Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:


Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը․ ընթերցավար՝ Արմինե Մովսիսյան
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի; 
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում. 
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ 
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. 
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 
Պառավն ասում է. 
— Դե գնա իմ կաթը բեր։ 

Միասնական կատարում «Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»․ երգապետ՝ Աչեր Բաստաջյան

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Գոհար Սմբատյան
Աղվեսը գնում է կովի մոտ։ 
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 
Կովն ասում է. 
— Դե գնա ինձ համար խոտ բեր։

Միասնական կատարում «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»․ երգապետ՝ Արմենուհի Սոկրատունի

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Դիանա Գևորգյան
Աղվեսը գնում է արտի մոտ։ 
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է. 
— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Միասնական կատարում․ Պաղ աղբյուր․ երգապետ՝ Մարիամ Մնացականյան

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

Այ տղա, ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ սերդ տուր,
Երազիս եկած տղա։

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Այ համով նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի։

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։


Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Անահիտ Գրիգորյան
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։ 
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 
Աղբյուրն ասում է. 
— Դե գնա կուժ բեր։ 

Միասնական կատարում․ Կուժն առա աղբյուր գացի․ երգապետ՝ Մարինե Մկրտչյան

Մատանուս կապուտ ակը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Ցոլաց ընկավ ձեր բակը,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Ինչ գործ ունի ձեր բակը,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կուժն առա, գացի աղբյուր,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Լըցրեցի  կըժով պաղ ջուր,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ջուր կուգա բարձըր սարեն,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Կըթափի մարմար քարեն,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Սերն ես ուտեմ, մածունը՝ դու:
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Կարինե Մամիկոնյան
Աղվեսը գնում է աղջկա մոտ։ 
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 
Աղջիկն ասում է. 
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։ 

Միասնական կատարում․ Էն դիզան․ երգապետ՝ Հասմիկ Մաթևոսյան
Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է:
Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:
Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է:
Ճընճըղներ ճըլվըլալեն՝ էն տիրացուքն է:
Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է:
Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:
Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է:
Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Քրիստինե Հովսեփյան
Աղվեսը գնում է չարչու մոտ։ 
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 
Չարչին ասում է. 
— Դե գնա ինձ համար ձու բեր։ 

Միասնական կատարում «Հե՜յ իմ նազան, չէ իմ Նազան»․ երգապետ՝ Տաթև Մանվելյան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Թամարա Մարիմյան
Աղվեսը գնում է հավի մոտ։ 
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 
Հավն ասում է. 
— Դե գնա ինձ համար կուտ բեր։ 

Միասնական կատարում «Կոտ ու կես»․ երգապետ՝ Մարիամ Մնացականյան

Կոտ ու կես կորեկ ունեմ՝ ցանելու համար,
Ճընճղուկներ թըռան, էկան՝ ուտելու համար,
Կըռացա քար վեր առա՝ զարկելու համար։

– Ա՛յ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ.

Փախչեն, էրթան ման գալու համար,
Փախչեն, էրթան ման գալու համար։

Ղասաբներ ժողվան, էկան՝ մորթելու համար,
Աղջիկներ թև քըշտեցին՝ փետելու համար,
Պառավներ պըղինձ բերին՝ եփելու համար։
– Ա՛յ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ.
Փախչեն, էրթան ման գալու համար,
Փախչեն, էրթան ման գալու համար։

Ըռեսներ ժողվան, էկան՝ խորվածի համար,
Գուսաններ ժողվան, էկան՝ գովելու համար,
Ազաբներ ժողվան, էկան՝ թամաշի համար։
– Ա՛յ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ.
Փախչեն, էրթան ման գալու համար,
Փախչեն, էրթան ման գալու համար։

Տուն երկու տաշտ հավաքեք՝ խըմորի համար,
Տուն երկու կընիկ բերեք՝ հունցելու համար,
Տուն երկու թոնիր տըվեք՝ թըխելու համար։
– Ա՛յ ճընճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ,
Պըստիկ-մըստիկ.
Փախչեն, էրթան ման գալու համար,
Փախչեն, էրթան ման գալու համար։

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Լուսինե Գ. Պետրոսյան
Աղվեսը գնում է կալվորի մոտ։ 
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Միասնական կատարում․ Կիկիլիկո․ երգապետ՝ Մարիամ Մնացականյան

Կի, կի, կի, կի, կիկլիկո,
Խորոզ տարան, կիկլիկո,
Կի, կի, կի, կի, կիկլիկո,
Խորոզ տարան, կիկլիկո:

Վա՜յ,
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

Տարան գցին ամբարը,
Վրեն դրին մեծ քարը,
Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,
Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ,
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

Կատար ուներ արեգակ,
Ձենը զնգուն՝ քանց զանգակ,
Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,
Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ,
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

Հովհաննես Թումանյան․ Պաչատ աղվեսը (շարունակություն)․ ընթերցավար՝ Քրիստինե Գրիգորյան
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

Միասնական կատարում «Զար զընգը»․ երգապետ՝ Լուիզ Քեշիշյան

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Քուրս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Leave a comment